ԵՄ-ն մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Կրեմլը չկատարի մինսկյան համաձայնությունները։ Այս մասին հայտնել է Մեծ ԲՐիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը՝ ամփոփելով ԵՄ ԱԳՆ ղեկավարների բրյուսելյան նիստի արդյունքները։ Նրա խոսքով, ԵՄ-ն շարունակում է պնդել Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի անօրինականությունը։
Պատժամիջոցների չեղարկմանը պատրաստ չլինելու մասին նիստից առաջ խոսել էր նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Նրա խոսքով ինքը մտադիր է քննարկել ուկրաինական ճգնաժամն ու պատժամիջոցային քաղաքականությունը ՎԱշինգթոնի հետ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ, այս շաբաթ։
Մոգերինին շեշտել է ԵՄ հանձնառությունը մինսկյան համաձայնագրերի իրականացմանը, նորմանդական ձեւաչափով բանակցությունների աջակցությանը։ Նաեւ կարեւորել Դոնբասում ԵԱՀԿ առաքելության աշխատանքը։
Մոգերինիի խոսքով ԵՄ-ն աջակցում է ՈՒկրաինայի իշխանություններին բարեփոխումների իրականացման գործում, կոռուցպայի դեմ պայքարում։ Նա հավելել է, որ այդ ծրագրերի իրականացման համար պետք է ապահովել երկրի անվտանգությունը։ Այդ կապակցությամբ Մոգերինին նշել է ռազմական գործողությունները դադարեցնելու եւ մինսկյան համաձայնագրերի համաձայն հրադադար պահպանելու անհրաժեշտությունը։




























