Վրաստանի բոլոր դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչները  վերապատրաստում կանցնեն: Այս մասին հայտնել է կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, հայտնում է «Նովոստի Գրուզիա»–ն։

Ըստ նրա՝ այդ գործընթացը  կընթանա 4 սպորտային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ:

Նախարարը հայտնել է լրագրողներին, որ մեկ ամսից կսկսվի  ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:

Ներկայումս Վրաստանի հանրային դպրոցներում  ֆիզկուլտուրայի դասերին հատկացվում է  շաբաթական 2 ժամ:

Նախարարը հայտնել է, որ 7-րդ եւ 8-րդ դասարաններում դրան կավելանա եւս երկու «ազատ դասաժամ», որոնք նվիրված կլինեն առողջ ապրելակերպին:

Ջեջելավան նշել է, որ, տարբեր ուսումնասիրությունների համաձայն, Վրաստանում միայն  սովորողների 2-7 տոկոսն է զբաղվում  կանոնավոր  ֆիզիկական ակտիվությամբ:

Ջեջելավան մտադիր է հասնել նրան, որ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվեն ոչ միայն սպորտով հետաքրքրվող երեխաները, այլ նաեւ  աշակերտների մեծ մասը։

«Խոսքն այն մասին է, որ ֆիզիկապես ակտիվ պետք է լինեն նաեւ գեր երեխաները» , - պարզաբանել է Ջեջելավան։