Լալվարի անտառտնտեսության անտառածածկ տարածքները ավելի կկրճատվեն, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Առաջին անգամ այս անտառտնտեսության անտառածածկը կրճատվեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի ենթակառուցվածքների կառուցման ժամանակ: Այժմ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը 2017-2018 թվականներին նախատեսում է իրականացնել «Լալվար եւ Նոյեմբերյան» 110 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի փոխարինման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվելու են Լալվարի անտառտնտեսությունում:

«Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում անխուսափելի է ազդեցությունը բուսական եւ կենդանական աշխարհի վրա`ներառյալ նաեւ հասուն ծառերի հատումը»,- նշված է «110Կվ Լալվար եւ Նոյեմբերյան գծի փոխարինում» բաղադրիչի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում:

Հատման ենթակա ծառերի եւ թփերի քանակների եւ դրանց տեսակների մասին հայտում ոչինչ նշված չէ: Լալվարի անտառտնտեսությունում էլ այս մասին դեռ ստույգ տվյալներ չկան: «Արժեքավոր ծառեր այդ տարածքում չկան, մանր-մունր ծառեր են», - ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում վստահեցրեց Լալվարի անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանը: «Այդտեղ հիմնականում կաղնու, բոխու ծառեր են: Կարմիր գրքում գրանցված ծառատեսակ չկա: Տարածքը գլխավոր մայրուղուց շատ չէ հեռու, կենդանիներ էլ այդ տարածքում չկան», - հավելեց անտառտնտեսության գլխավոր անտառապետ Արտեմ Անթանեսյանը:

«Լալվար եւ Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծի փոխարինումն իրականացվում է Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող «Էլեկտրամատակարարման Հուսալիություն» ծրագրի շրջանակներում:

Գծի փոխարինման գլխավոր կապալառուի մրցույթը հաղթել է իրանական «Gam Arak Industrial» ընկերությունը՝ 4 394 456, 24 ԱՄՆ դոլար արժեքով: