Քրեակատարողական պետի տեղակալն այսուհետ եւս հնարավորություն կունենա տեսակցություն տրամադրելու կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելու ցանկություն ունեցող պաշտպանին կամ մերձավոր ազգականին:

ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 9-ի, նիստում այս մասին հայտարարեցլ է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ գործող կարգավորմամբ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին տեսակցության եկած անձանց թույլտվություն տալու իրավասությունը պատկանում է քրեակատարողական հիմնարկի պետին եւ միայն նրա բացակայության դեպքում՝ տեղակալին:

«Սակայն գործնականում հաճախ, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, տեսակցության թույլտվություն տրամադրելու որոշումները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից հնարավոր չի լինում ընդունել սեղմ ժամկետներում:

Արդյունքում տեսակցության եկած անձինք ստիպված են լինում տեսակցության թույլտվության համար սպասել որոշակի ժամանակ, ինչն առաջացնում է նրանց արդարացի դժգոհությունը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս փոփոխության նպատակը  կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած անձանց հերթերի առաջացումը կանխելն ու տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները բացառելն է:

Արդյունքում կնվազի նաեւ քրեակատարողական հիմնարկի պետի ծանրաբեռնվածությունը: