Մոսկվայում լուրջ մտահոգված են Իսրայելի քնեսեթի օրենքով, որով օրինականացվում են «Հորդանան գետի արեւմտյան ափին , պաղեստինյան հողերի վրա կառուցված բնակավայրերը»։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության մեջ։
Նշում են, որ այդ իրավական ակտի գործողությունը տարածվում է 4 հազար միավոր բնակարանի վրա, որոնք կառուցվել են պաղեստինյան օկուպացված տարածքներում առանց Իսրայելի իշխանությունների համապատասխան թույալտվության։
Ռուսաստանի ԱԳՆ-ն համարում է, որ այդ որոշումն անկասկած կարող է շատ բացասական հետեւանքներ ունենալ պաղեստինաիսրայելական հուսալի ու երկարաժամկետ կարգավորման գործընթացի համար։ «Ձախողման սպառնալիքի տակ են հայտնվել միջազգային ջանքերը, որոնք ուղղված են խաղաղ գործընթացի վերագործարկմանը»։
Մոսկվան առաջվա պես հիմք է ընդունում այն, որ պաղեստինյան տարածքների վերջնական կարգավիճակի բոլոր խնդիրները, այդ թվում սահմանների հարցը, պետք է լուծել կողմերի ուղիղ քաղաքական երկխոսության միջոցով։ Այդ իսկ պատճառով ցանկացած գործողություն, որը կանխորոշում է նման բանակցությունների ելքը, հակակառուցողական է թվում, նշված է հաղորդագրության մեջ։




























