Հայ-թուրքական հաաբերությունների խնդիրն այն է, որ գործնականում այդ հարաբերությունները բացակայում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները» թեմայով ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը:

Նրա խոսքով, Շվեյցարիայի տեսանկյունից սա բնական վիճակ չի երկու երկրների միջեւ, որոնք ընդհանուր սահման ունեն. «Չպետք է մոռանալ, որ տնտեսական զարգացման տեսանկյունից հենց անմիջական հարեւանների հետ են լինում հարաբերությունները: Մենք էլ միշտ չէ, որ հարեւանների հետ լավ հարաբերություններ ենք ունեցել, եղել են վեճեր, պատերազմներ: Մինչդեռ հիմա սահմանները բաց են թե տնտեսական, թե անձնական մակարդակներում: Կուզենայինք այդ վիճակը տեսնել նաեւ հայ-թուրքական հարաբերություններում»,-ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, որոնք այդպես էլ չեն վավերացվել Թուրքիայի եւ Հայաստանի կողմից, դեսպանը նշեց. «Մենք ավելի քան պատրաստ ենք կրկին կողմերին օժանդակություն ցուցաբերել, երբ կողմերը դրան պատրաստ կլինեն»: