«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը խստագույնս դատապարտում է վարչախմբի կողմից փետրվարի 9-ին «Սասնա Ծռերի» գործով` Արթուր Սարգսյանին /Հաց բերող/ վերստին «դատարանի» վճռով խափանման միջոցը փոխելու` կալանավորելու որոշման առթիվ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Արթուր Սարգսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, եւ ինչը ստիպեց վարչախմբին գնալ այդ ծայրահեղ որոշմանը: Գաղտնիք չէ, որ Արթուրը հուլիսին իր անձնազոհ քայլով Հայ ժողովրդին ցույց տվեց մարդկային բարոյական այն արժեհամակարգը, ինչը վարչախումբը տասնամյակներ շարունակ փորձում է խեղդել եւ ժողովրդին դարձնել դիմազուրկ հոտի:
Արթուրը, ազատության մեջ լինելով եւ հասարակության լայն զանգվածների սերը ու համակրանքը ունենալով, հնարավոր է՝ սպասվող ԱԺ ընտրությունների բեմականացման ժամանակ նրա խոսքը լսելի լիներ հանրությանը, ինչը բնականաբար չի տեղավորվում վարչախմբի վերարտադրման ծրագրերում:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է բոլորին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Արթուրի եւ դատապարտել վարչախմբին եւ նրա սպասարկող այսպես կոչված դատաիրավական համակարգին, որոնք կայացրեցին այն որոշումը, ինչը հավասարազոր է Բելառուսի «դատարանի» Լապշինի նկատմամբ կայացրած որոշմանը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 9-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը կրկին կալանավորել է «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին:
Դատական նիստից հետո նրա փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողներին հայտնել է, թե Արթուր Սարգսյանը պետք է ավելի վաղ՝ փետրվարի 6-ին ներկայանար քննչական մարմնին, բայց ինքը խոսել էր քննիչի հետ, պայմանավորվել էին, որ ավելի ուշ ներկայանա: Ըստ փաստաբանի, փոխհամաձայնությունը հաշվի չառնելով՝ Սարգսյանին կալանավորվել են:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ նշել է, որ Արթուր Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը: Ըստ որի՝ եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, ապա քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին: Ըստ նախաքննական մարմնի, «Արթուր Սարգսյանը բազմիցս խախտել է այդ պայմանները»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», ձերբակալվել է Արմավիրի մարզի Բյուրավան գյուղում:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ունի:




























