Հայաստանի իշխանությունները տապալեցին Սահմանադրական դատարանին ներկայացվելիք ընտրությունների անցկացման օրը տեղափոխելու դիմումի նախաձեռնության տակ պատգամավորական ստորագրահավաքը: Այս մասին փետրվարի 10-ին՝ խորհրդարանական ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա հիշեցրեց, որ նախաձեռնության տակ անհրաժեշտ 27-ի փոխարեն միայն 19 պատգամավոր է ստորագրել: Միայն ՀԱԿ խմբակցությունն է ամբողջ կազմով ստորագրել: Իրենց ստորագրությունն են դրել «Համախմբման» 5 պատգամավորներ, որոնք ձեւականորեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում են: ԲՀԿ խմբակցությունից 3 պատգամավոր է ստորագրել՝ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Միացել են նաեւ «Ժառանգության» 2 պատգամավորներ՝ Թեւան Պողոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Էդմոն Մարուքյանը: «Ակնհայտ է, որ գործընթացին ազդեցիկ ուժեր են խառնվել: Բայց այն, թե ով իրեն ինչպես պահեց որոշ ուժերի համար լակմուսի թուղթ է, որոնք իրենց անհանդուրժող ընդդիմություն են ներկայացնում»,- հավելեց Զուրաբյանը:
Նշենք, որ ընդդիմադիր որոշ ուժեր պահանջել են ընտրությունների օրը տեղափոխել՝ դրանց նշանակումից, փաստորեն, մեկ ամիս հետո, երբ արդեն սկսել էր գործել ԿԸՀ-ի հաստատած նախընտրական միջոցառումների օրացուցային ծրագիրը: Օրվա տեղափոխումը կբերեր նոր օրացուցային ծրագրի ընդունման՝ կասկածի տակ դնելով ընտրարշավի ամբողջ ընթացքը, քանի որ միջոցառումների մի մասն արդեն իրականացվել է, իսկ Ընտրական օրենսգրքում հստակ նշված են բոլոր փուլերի անցկացման հերթագայությունն ու ժամկետները՝ սկսած քվեարկության օրվանից:




























