ՔԿՎ-ն պարզաբանում է ներկայացրել եւ հայտնել, թե «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի` այսօր տարածած այն հայտարարությունը, որ իր պաշտպանյալը գտնվում է նվաստացուցիչ պայմաններում, իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինից NEWS.am-ին հայտնում են, որ Հովհաննես Հարությունյանը այս պահին ստացիոնար բուժման կարիք չունի և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` կալանավորված անձանց համար նախատեսված խցային պայմաններում:

Ավելի վաղ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որ իր պաշտպանյալը ՔԿՀ-ում նվաստացուցիչ պայմաններում է գտնվում ու առողջական ծանր վիճակում:

Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, իսկ պատկան մարմինները պնդում են, որ Հովհաննես Հարությունյանը կազդուրվել է եւ նա ստացիոնար բուժման կարիք այլեւս չունի:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: