Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետը Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ ուսումնասիրվել են նրա  պահման պայմանները, իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաեւ առանձնազրույց են ունեցել կալանավորված Ա.Սարգսյանի հետ:

Առանձնազրույցների ընթացքում Ա.Սարգսյանը հայտնել է, որ հացադուլ է հայտարարել իր նկատմամբ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց անհիմն ընտրելու կապակցությամբ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Արթուր Սարգսյանի  առողջական վիճակի հարցը շարունակվում է գտնվել  Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: