ՀՀԿ-ական ապօրինի իշխանությունները հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, փետրվարի 9-ին «Սասնա Ծռերի» գործով` Արթուր Սարգսյանին («Հաց բերող») «դատարանի» վճռով խափանման միջոցը փոխելով` վերստին կալանավորման որոշում կայացրեցին, հաշվի չառնելով անգամ Արթուր Սարգսյանի լրջագույն, անազատության հետ անհամատեղելի, առողջական խնդիրները: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ժառանգություն» կուսակցությունը  արձանագրում է, որ նախընտրական այս շրջանում վարչախմբի որոշումը շարունակելու քաղաքական հետապնդումները ինչպես «Սասնա Ծռերի», այնպես էլ «Հաց բերող» Արթուրի, Գեւորգ Սաֆարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Հովհաննես Ղազարյանի եւ այլ քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական գործիչների նկատմամբ, փաստում է, որ իշխանությունները շարունակելու են խոչընդոտել ազատ եւ հավասար պայմաններով ընտրությունների անցկացմանը, ինչը ընդդիմադիր ուժերից պահանջում է առավել համախմբում, հետեւողականություն եւ տոկունություն:

«Ժառանգություն» կուսակցությունը իր վրդովմունքն է հայտնում եւ խստորեն դատապարտում է հանրային վստահություն եւ հարգանք վայելող անհատներին, քաղաքական գործիչներին անազատության մեջ ապօրինի պահելու դե ֆակտո իշխանությունների ծայրահեղ, անհամաչափ գործողությունները եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել «Հաց բերող» Արթուրին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 218-րդ և 235-րդ հոդվածներով։

Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, փետրվարի 9-ին որոշում կայացրեց կալանավորել Արթուր Սարգսյանին: