ՀՀԿ-ի համապետական եւ տարածքային ցուցակները կհրապարակվեն օրենքով սահմանված ժամկետներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Ցուցակը մենք կքննարկենք չորեքշաբթի երեկոյան եւ օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնենք: Չեմ կարծում, որ պետք է անուն առ անուն անցնեմ ցուցակով»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանն իրավունք կունենա՞ ընդգրկվել ՀՀԿ համապետական ցուցակում, Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ որոշելու՝ իրավունք ունի, թե չունի: Պատկան մարմիններն ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի»:

Նկատենք, որ իշխող կուսակցությունը դեռ միանշանակ պատասխան չի տվել հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կընդգրկվի ՀՀԿ-ի համապետական ցուցակում:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Կարեն Կարապետյանին կարող են դուրս թողնել ցուցակից, քանի որ նա չի բավարարում օրենսդրությամբ թեկնածուին ներկայացվող պահանջներին, մասնավորապես, վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին (նա վերջին տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական «Գազպրոմում», հետեւաբար ապրել է ՌԴ-ում-խմբ):