Հայաստանի առաջիկա կայանալիք խորհրդարանական ընտրություններում ներդրված էլեկտրոնային համակարգը կոչված է բարձրացնել վստահությունն ընտրությունների նկատմամբ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն` փետրվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով ընտրական գործընթացի նրբությունների վերաբերյալ հարցերին՝ դեսպանը նշել է, որ ինքն օտարերկրյա քաղաքացի է եւ չի կարող խոսել ներքաղաքական թեմաների վերաբերյալ։ «Այդ հարցը Հայաստանի իշխանություններինն ու քաղաքացիներինն է։ Գործընթաց, որը մենք ընդունում եւ հարգում ենք»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելուն՝ ապա դեսպանի խոսքով, նպատակը ոչ այնքան տեխնիկական միջոցների բարելավումն է, որքան վստահության ամրապնդումը։ «Անել այնպես, որ հայ ընտրողը հավատա, որ ձեռնարկված են բոլոր միջոցները, որպեսզի ինքն ազատորեն կարողանա հայտնել իր կամքը»։ Ահա թե ինչու է ԵՄ-ն որոշել աջակցել տեխնիկական միջոցներ տեղադրելու գործընթացին եւ համագործակցություն իրականացրել 7 մլն եվրոյի տեսքով։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ ընտրություններն անցնեն ամենալավ կերպով»,-ընդգծել է դեսպանը։
«7 մլն եվրոն ծանրակշիռ գումար է։ Դա արտացոլում է ԵՄ ձգտումը, որ ընտրություններն ավելի լավ անցնեն եւ պսակվեն հաջողությամբ։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային՝ այն անհրաժեշտ չի համարել ԵՄ տրամադրած գումարին իր կողմից որեւէ բան հավելել։ Պետք է հաշվի առնել, որ այդ գումարի 18 տոկոսն ապահովում են Ֆրանսիայի հարկատուները»,-ասել է դեսպանը:




























