Հայաստանն աստիճանաբար կկրճատի Հարկային օրենսգրքի եւ Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների միջեւ տարընթերցումները: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով օրինագծերի փաթեթը, որոնք առաջիկայում հասարակական քննարկման կդրվեն: Փաթեթում ներառված են «Հաշվապահական հաշվարկման» եւ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքների նոր խմբագրումները, նաեւ «Հաշվապահական հաշվարկման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հասարակական վերահսկման մասին» նոր օրինագիծը:

Նշենք, որ հայկական օրնսդրությունը եւ ՖՀՄՍ-ը տարբերվում են հիմնական միջոցների մաշվածության ժամկետների եւ դրանցից պահումների հաշվարկի կարգի հարցում: Ըստ որում՝  հայկական դատական պրակտիկայում դեպքեր են եղել, երբ իրենց համար մեծ շահավետությամբ ձեռնարկությունները մաշվածությունն անցկացրել են ըստ ՖՀՄՍ-ի եւ ապացուցել դրա՝ որպես միջազգային օրենսդրության առավելությունը ազգայինի նկատմամբ:

Անանյանը նշեց, որ այս պրակտիկան օրենքին չի հակասում, քանի որ «Շահութահարկի մասին» օրենքի 3-րդ հոդվածով այն պետք է հաշվի առնել օրենսդրությամբ եւ իրավական այլ ակտերով, եթե նախատեսված չեն դրանց կիրառման յուրահատկություններ:

«Մենք ցանկանում ենք այնպես անել, որ այս տարաձայնությունները վերացնենք: Բայց բանն այն է, որ ՖՀՄՍ-ն կազմված է իրավական ակտերից, որոնք այնպիսի սկզբունքների հիման վրա են կազմված, որոնցում ինչ-որ բան մնում է բիզնեսի հայեցողությանը: Իսկ օրենսդրությունն իր բնույթով անառարկելի է եւ պետք է միանշանակ լինի:

Հետեւաբար՝ մենք պետք է հստակ գիծ անցկացնենք՝ որտեղ կարող ենք ինչ-որ բան փոխել, որտեղ՝ ոչ»,- հավելեց Անանյանը: