Իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին գնում է քաջ ծանոթ մարդկանց հետ, բայց նոր թիմով։ Այս մասին փետրվարի 18-ին, ելույթ ունենալով Երկրապահ կամավորականների 11-րդ համագումարում, հայտնել է Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ ՍԱրգսյանը։

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, աշխարհի առաջատար լրատվականների եթերներից, բոլոր հնարավոր եւ անհնար հարթակներից տեղ հասցնել Հայաստանի Հանրապետության ձայնը: Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ են տանելու մտքի, հռետորության եւ կամքի ուժով միայն։ Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու»,- նշել է նախագահը:

«Մենք այս ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, եւ այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու։ Եվ իմ իսկ նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, իր համաձայնությամբ, մենք այդ թիմում ներառել ենք նաեւ մեր հարգարժան գեներալին՝ Մանվել Գրիգորյանին՝ նրա փորձն ու անձնական ունակությունները հաշվի առնելուց բացի նաեւ որպես ակնառու խորհրդանիշ, որպեսզի վաղը, ովքեր էլ ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր, իրենց յուրաքանչյուր նախաձեռնության, յուրաքանչյուր ելույթի ու քվեարկության ժամանակ, անգամ մի քանի բառանոց ռեպլիկի ժամանակ տեսնեն գեներալի հայացքը, որ մարմնավորումն է ազատամարտի եւ պարտադրանքն է մեր ապագա հաղթանակների»,- նկատել է Սարգսյանը։