Արցախում փետրվարի 20-ի սահմանադրության հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
Նրա խոսքով, սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը:
Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով: Կազմավորվել են թվով 280 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներ, որից 1-ը`Երեւան քաղաքում՝ քվեարկության օրը ՀՀ-ում գտնվող ԼՂՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքն ապահովելու նպատակով, 1-ը` քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորվածների համար:
«2222 հանձնաժողովականներ պատրաստ են գործող օրենսդրության շրջանակներում տեղամասերում անցկացնել Սահմանադրության հանրաքվեն: Նրանց մեծ մասը՝գրեթե 68 տոկոսը, անկուսակցական է, 66 տոկոսը` կանայք, իսկ 30-40 տոկոսն էլ երիտասարդ քաղաքացիներ են, ովքեր առաջին անգամ են մասնակցում համապետական նշանակության հանրաքվեի»,-ասաց Արզումանյանը։
Նրա ներկայացմամբ, տարիների հետ միջազգային հետաքրքրվածությունը Արցախի հանդեպ ավելանում է. օրինակ, 1991թ. անկախության հանրաքվեին մասնակցում էր ընդամենը 40 դիտորդ, իսկ այսօր` Սահմանադրության հանրաքվեին հրավիրված ու մասնակցում են 30-ից ավելի երկրներից 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ, ԶԼՄ-ների 80-ից ավելի ներկայացուցիչներ:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, Արցախի հանրապետության քառորդդարյա պատմության ընթացքում կազմակերպվել են համապետական նշանակության 2 հանրաքվեներ, Հանրապետության Նախագահի` 5 եւ Խորհրդարանական 6 ընտրություններ, տեղական հանրաքվեներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Արցախի Հանրապետությունում հանրաքվեներն ու ընտրությունները, որպես կանոն, միշտ էլ աչքի են ընկնում քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Օրինակ, 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 82,2 տոկոսը, իսկ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեին` 87,2 տոկոսը: Իսկ ընտրություններին ընտրողների մասնակցության միջին ցուցանիշը 65-70 տոկոս է: Հուսով եմ` փետրվարի 20-ի Սահմանադրական հանրաքվեին մեր քաղաքացիների մասնակցությունը եւս ակտիվ կլինի:




























