ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոթատրոններում «1984» ֆիլմը կցուցադրեն՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը: Ակցիային շուրջ 90 կինոթատրոն է միացել:
«1984»-ը Ջորջ Օրուելի նույնանուն հակաուտոպիական վեպի էկրանավորումն է: Ժապավենում նկարահանվել են Ջոն Հերթը, Ռիչարդ Բերթոնը, Սյուզաննա Հեմիլթոնը, Սիրիլ Քյուսակը, իսկ ռեժիսորը Մայքլ Ռեդֆորդն է:
Ցուցադրությունը նախանշված է ապրիլի 4-ին: Դա այն օրն է, երբ գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթն իր անօրինական օրագրում առաջին գրառումն է անում:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ թշնամիներին հրեշացնող, սեփական որոշումները կեղծող Օրուելի նկարագրած կառավարությունն առավել քան արդիական է:



























