Օրերս եղել եմ Արցախում եւ շատ տպավորված եմ այդ փոքրիկ երկրով ու նրա հերոսական ժողովրդով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս (Ջիմ) Կարիգիանիսը:

Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ջիմ Կարիգիանիսը 2017թ-ի փետրվարի 20-ին ԼՂՀ սահմանադրական հանրաքվեում որպես միջազգային դիտորդ ներկայացրել է Կանադայի կառավարությունը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց կանադացի քաղաքական գործչի ակտիվ դիրքորոշումը ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության, ինչպես նաեւ՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ, կարեւորեց  վերջին տարիներին իրականացրած գնահատելի աշխատանքը։

Նախարարը մասնավորապես նշեց. «Ես ուրախ եմ Ձեզ ողջունել, տեղյակ եմ Ձեր հայանպաստ գործունեությանը: Հույները եւ հայերը մոտ են ազգային հոգեկերտվածքով, պատմությամբ ու ավանդույթներով»:

Ջեյմս Կարիգիանիսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար,  շեշտեց, որ սիրով եւ ոգեւորությամբ է այցելում Հայաստան։ Նա նշեց. «Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, օրերս եղել եմ Արցախում եւ շատ տպավորված եմ այդ փոքրիկ երկրով ու նրա հերոսական ժողովրդով: Ես իսկապես հասկանում եւ գնահատում եմ ձեզ, ծանոթ եմ ձեր ժողովրդի պատմությանը: Եղել եմ Վանում, Սասունում, Դիարբեքիրում, շատ հանդիպումներ եմ ունեցել հայերի հետ»:

Կարիգիանիսը  Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար 2014թ.Հայաստանում պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով եւ 2014թ.Արցախում «Ոսկե» մեդալով: