Երեւան հյուրանոցում տեղի ունեցող ԵՄ-Հայաստան ֆորումի մասնակիցները հայտարարություն տեքստ են պատրաստել, կապված համաժողովի առիթով ընդդիմության ակտիվիստների պիկետի մասնակիցներին նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության փաստի հետ:
Հայտարարությունը նախաձեռնել է ֆորումի մասնակից, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը: Այն այժմ գտնվում է ստորագրման փուլում:
«ԵՄ-Հայաստան. Արդար դատաքննության իրավունք եւ դատական համակարգի անկախություն» սեմինարի ներքոստորագրյալ մասնակիցներս մեր մտահոգություն ենք հայտնում սեմինարի կապակցությամբ կազմակերպված պիկետի մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին մեզ հասնող լուրերի մասին:
Կոչ ենք անում ՀՀ համապատասխան պաշտոնյաներին հարգել հանրահավաքներ եւ պիկետներ անելու քաղաքացիների իրավունքը», ասված է հայտարարության մեջ: Հայտարարության տեքստը նոր է կազմվել եւ այն արդեն ստորագրել է մեկ տասնյակ մասնակից:
Ի դեպ, ՀԱԿ երիտասարդներին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանի պառլամենտարիզմի ազգային կենտրոնը, որը կոչ է արել իրավապաշտպան կազմակերպություններին դադարեցնել իրենց մասնակցությունն ԵՄ ֆորումին:
«Հաշվի առնելով Հայ Ազգային Կոնգրեսի պիկետի մասնակիցների հանդեպ կիրառվող ոստիկանական ապօրինի եւ դաժան գործողությունները, իրենց «իրապաշտպան» համարող Եվրամիության երեւանյան ֆորումի մասնակից բոլոր գործիչներին կոչ ենք անում դադարեցնել մասնակցությունը ֆորումի աշխատանքներին եւ միանալ ՀԱԿ պիկետին»,- ասված է հայտարարության մեջ:





























