Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը (96 տոկոս) վստահում է զինծառայողներին, իսկ լրատվամիջոցներին վստահում է միայն 44 տոկոսը: Այս մասին են վկայում երկուշաբթի հրապարակված հարցման արդյունքները, որը փետրվարի 11-ից մինչեւ 13-ը 1013 ամերիկացիների շրջանում անցկացվել է Fox News-ի պատվերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկացիները վստահում են նաեւ Գերագույն դատարանին (83 տոկոս), Հետաքննությունների դաշնային բյուրոյին (80 տոկոս), Ներքին եկամուտների ծառայությանը (55 տոկոս):
ԱՄՆ նախագահի եւ Կոնգրեսի նկատմամբ վստահության մակարդակը հավասար է՝ 53 տոկոս:
Հարցման մասնակիցների կեսից մի փոքր ավելին՝ 51 տոկոս վստահում է խոշոր ընկերություններին:
Վերջին տեղում են հայտնվել լրատվամիջոցները՝ 44 տոկոս, ըստ որում՝ անվերապահ վստահում է միայն 15 տոկոսը, գրեթե յուրաքանչյուր երրորդը որոշ վստահություն ունի, 19 տոկոսն այնքան էլ չի վստահում, իսկ 36 տոկոսն ընդհանրապես չի վստահում:
Հարցման կազմակերպիչները նշել են, որ լրատվամիջոցների եւ նախագահի նկատմամբ անվստահության մակարդակը հավասար է՝ 46 տոկոս, ինչն աննախադեպ բարձր մակարդակ է համարվում:


























