Հայ-թուրքական կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի բանակցությունները որեւէ առնչություն չունեն, եւ դա նաեւ ողջ միջազգային հանրության դիրքորոշումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Մամեդովի հայտարարությունը: «Մենք կրկին վերահաստատում ենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի բանակցությունները որեւէ առնչություն չունեն: Եւ դա նաեւ ողջ միջազգային հանրության դիրքորոշումն է»,- ասաց Բալայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ադրբեջանական «APA» գործակալությանն ասել էր, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցող գործընթացները անպայման կազդեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման վրա։ «Կկայանա այդ հանդիպումը, թե ոչ՝ առայժմ չեմ կարող ասել, սակայն ներկայիս գործընթացները անպայման կազդեն այդ հանդիպման վրա»,-ասել էր Մամեդովը։
Մամեդովը նաեւ հայտարարել էր, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահների փոփոխությունը առայժմ խոսակցությունների մակարդակով է»:




























