Ռուսաստանը հույս ունի, որ Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցությունների Ժնեւի ձեւաչափը չի ձախողվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լավրովն ընդգծել է, որ Ժնեւում բանակցությունների հիմնական օրակարգը ՄԱԿ ԱԽ-ի 2254 բանաձեւն է:

Նրա խոսքով՝ օրակարգը վերաբերում է քաղաքական գործընթացին, այն ընդհանուր տեսլականի ձեւակերպմանը, թե անցումային շրջանում Սիրիայում կառավարումն ինչպես է իրականացվելու: «Այնուհետեւ քաղաքական գործընթացը, ըստ ՄԱԿ-ի որոշումների, ենթադրում է համատեղ ուժերով Սիրիայի նոր Սահմանադրության մշակում, որից հետո նոր Սահմանադրության հիման վրա հանընդհանուր ընտրությունների անցկացում»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ որպես կատարման համար կարեւոր դրույթ «ահաբեկչության դեմ անզիջում պայքարելու պահանջ է պարունակվում եւ չափավոր ընդդիմությանը նրանցից տարանջատելու պահանջ, ովքեր կանգնած են ահաբեկչության եւ ծայրահեղականության ուղու վրա»:

«Այնպես որ, հույս ունեմ, որ Ժնեւի ձեւաչափը չի ձախողվի, եւ, ինչպես նաեւ Աստանայի ձեւաչափը, կշարունակի կարեւոր դերակատարում ունենալ Սիրիայի ճգնաժամի կարգավորման առաջմղման մեջ»,- ընդգծել է նախարարը: