Ջավախքի Ախալքալաք քաղաքում այսօր՝ մարտի 1-ին, տեղի է ունեցել բողոքի ակցիա: Մի խումբ երիտասարդներ պահանջել են դադարեցնել հայկական ծաղկած խաչով կոշկատակեր ունեցող կոշիկների ներկրումը Վրաստան:

Երիտասարդներն իրենց հետ Ախալքալաքի կենտրոնական հրապարակ են տարել հայերեն, ռուսերեն եւ վրացերեն լեզուներով՝ «Ոչ սրբապղծությանը» գրությամբ պաստառներ:

Նշենք, որ Ջավախքի մի քանի գյուղերում բնակիչները կոշիկներ գնելուց հետո հայտնաբերել էին, որ կոշկատակերի տակ պատկերված է հայկական ծաղկած խաչը:

Նրանց պնդմամբ՝ այդ կոշիկները Վրաստան են ներմուծվում Թուրքիայից եւ Թուրքիան այդպիսով անարգում է հայերին ու նրանց կրոնը:

Լուսանկարները՝ haydzayn.am-ի եւ armenian-community.ge-ի