ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը սխալ լուր է անվանել Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ընթացքում Ռուսաստանի դեսպանի հետ իր շփումների մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն: 

Washington Post-ը նախկինում հայտնել էր, որ Սեշնսը անցյալ տարի, երբ սենատոր էր, 2 անգամ խոսել է ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահանջել էր Սեշնսի հրաժարականը: Նրա խոսքով՝ նա Կոնգրեսում երդվելով ստել էր՝ հայտարարելով, որ նախագահական արշավի ընթացքում ռուսաստանցի պաշտոնական անձանց հետ չի շփվել:

Այնուհետեւ Սեշնսը հայտարարել էր, որ երբեք չի հանդիպել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ ընտրությունները քննարկելու համար: «Ես բացարձակապես չեմ հասկանում, թե որն է այս մեղադրանքների էությունը: Դրանք կեղծ են»,- հայտարարել է գլխավոր դատախազը:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը հերքում է, որ իր խորհրդականները Մոսկվայի հետ որեւէ կապ ունեն: Նա լրատվամիջոցներին մեղադրել է, որ իրենց հրապարակումներով խանգարում են 2 երկրների հարաբերությունների կարգավորմանը:

Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը ստիպված էր հրաժարական տալ, երբ ընդունեց, որ դեկտեմբերի վերջին ՌԴ դեսպանի հետ իր շփումների մասին ամբողջական տեղեկություն չի տվել: