«Հեպատիտ Ց»-ի գործով 1.5 տարվա ազատազրկման դատապարտված, «Քաջարանի» բժշկական կենտրոնի արդեն նախկին անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած վճռի հետ։
NEWS.am-ին Ավագյանի պաշտպան Սեյրան Ազիզյանը հայտնեց, որ միանշանակ բողոքարկելու են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը։
«Մենք առ այսօր դատավճիռը չենք ստացել, որ հասկանանք, թե ինչ հիմնավորումով են իմ պաշտպանյանին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման»,– ասաց պաշտպանը։
Նշենք, որ դատախազը 3.5 տարվա ազատազրկում էր պահանջել Երվանդ Ավագյանի համար։ Ի դեպ, մյուս ամբաստանյալները դատապարտվել են պայմանական ազատազրկման։ Այսպես, Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը` 6 ամսվա ազատազրկման: Չորս ամբաստանյալների վերաբերյալ դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Նրանց գործունեության հետեւանքով առաջացել է մարդկանց վիրուսային «Հեպատիտ Ց», ինչի հետեւանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
5 բուժաշխատողներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




























