1981թ. մայիսի 13-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ մահափորձ իրականացրած թուրքը մեծ հարցազրույց է տվել Թուրքիայի պետական հեռուստաընկերությանը եւ պատմել դեպքի մանրամասները:

Մեհմեդ Ալի Աղջան հայտարարել է, թե մահափորձի հետեւում կանգնած է եղել Վատիկանի վարչակազմը:

Լրագրողի հարցին, թե «ո՞ւմ անունից է կրակել Հռոմի Պապի վրա», Աղջան պատասխանել է. «Այդ միջադեպում ամեն ինչ պարզ է, շատ պարզ»:

Լրագրող. «Դուք չպատասխանեցիք հարցին»:

Աղջա. «Թույլ տվեք ասել ամենագլխավորը, իրականում մահափորձի հետեւում կանգնած է եղել Վատիկանը»:

Լրագրող. «Ո՞վ: Անո՞ւնը»:

Աղջա. «Պապի սպանության որոշումը կայացրել է Վատիկանի վարչակազմը, նրանք են կազմակերպել եւ ծրագրել այն: Պապին սպանելու հրամանն արձակել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Ագոստինո Կազարոլին»:

Մեհմեդ Ալի Աղջան բանտից դուրս է եկել այս տարվա հունվարին: Այժմ նա գիրք է գրում, որը պետք է վաճառքում հայտնվի եկող տարի, եւ փորձում է իր վրա ուշադրություն բեւեռել: Հարկ է նշել, որ ազատումից հետո բժիշկները կասկածներ էին հայտնում Աղջայի հոգեկան վիճակի կապակցությամբ: