ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասին պատերազմ է հայտարարել ՝ մեղադրելով նրանց ստեր հրապարակելու մեջ, գրում է La Vanguardia–ն։ Պարբերականի կարծիքով Թրամփի արշավի ետեւում կանգնած են երկու մարդ, որոնք նրան գաղափարական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում։

Գաղափարների հեղինակը Սթիվ Բեննոնն է, որը հիմա Սպիտակ տան գլխավոր ստրատեգն է։ «Իսկ ֆինանսնական կողմը տնօրինում է մուլտիմիլիոնատեր Ռոբերտ Մերսերը, որը երրորդ տեղն է զբաղեցրել Թրամփի ընտրարշավի դոնորների շարքում ու ազդել Մեծ Բրիտանայում «բրեքսիթի» հաղթանակի վրա»,- ասվում է հոդվածում։

Մերսերը, որը Reinaissance Technologies ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենն է, ֆինանսավորում է ամերիկյան մեդիա աշխարհին ուլտրապահպանողական բնույթ հաղորդելու փորձերը ՝ «դրան զուգահեռ նա աջակցում էր Դոնալդ Թրամփի ու բրեքսիթի կողմնակիցների հաղթանակին»,- ասում է հեղինակը։

2011-ին Մերսերը 10 մլն դոլար է ներդրել Breitbart News–ում՝ լրատվական պորտալ, որի համահիմնադիրը Բեննոնն է։ «Դա այսպես կոչված այլընտրանքային աջերի առաջատար պարբերականն է, պորտալի նյութերը այլատյացական, կնատյացական ու հոմոֆոբիական բովանդակություն ունեն։ Իր գոյության 10 տարիներին պորտալը դարձել է թվային մեդիայի իսկական ֆոնոմեն՝  Ֆեյսբուքում» ու «Թվիթերում» բաժանորդների առավելագույն քանակություն ունեցող քաղաքական կայք», ասվում է հոդվածում։

«Մերսերի մեկ այլ ներդրում հուշում է, որ նա կարեւոր դեր է կատարել Leave.eu արշավում՝ որը քարոզում էր ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը», գրում է հեղինակը։ Մի քանի օր առաջ բրիտանական Observer–ը հայտնել է, որ Մերսերը բրիտանական UKIP կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջին տրամադրել է Cambridge Analytica ֆիրմայի անվճար ծառայություններ, որի մեջ նա 10 մլն դոլար էր ներդրել։

Cambridge Analytica-ն, որը զբաղվում է տվյալների վերլուծությամբ «գուցե խորհուրդներ է տվել Leave.eu թիմին,  թե ինչպես բրիտանացիների ֆեյսբուքյան պրոֆիլից կորզել տեղեկություններ, որպեսզի հետո անհատականացված քարոզչության միջոցով նրանց կարողանան բրեքսիթի օգտին տրամադրել», ասվում է հոդվածում։

ԱՄՆ-ում Cambridge Analytica–ը փորձել է «մշակել» Թրամփի ընտրողներին։ Համարվում է , որ «Ֆեյսբուքը» ակամա նպաստել է Թրամփի հաղթանակին կամ ոչ հավաստի նորություններ տարածելու միջոցով, կամ էլ այն բանի շնորհիվ, որ Թրամփը 56 մլն դոլար է ներդրել «Ֆեյսբուքով» քարոզչություն  իրականացնելու ։

Ի լրումն՝ «Թվիթերում» տարածվում էին հաղորդագրություններ բոտերի՝ ռոբոտացված հաշիվների միջոցով։

«Եվ այսպես, Բեննոնը տիրապետում է փիառի հմտություններին, իսկ Մերսերը՝ «մեծ տվյալներին» ու նրանք երկուսով հյուսում են  այն ցանցը, որի օգնությամբ հույս ունեն փոխել մի ամբողջ երկրի մտածողությունը։ Հիմա վիրտուալ աշխարհում ամրապնդվում է աջ գաղափարախոսությամբ պորտալների գերիշխանությունը»,- նշում է հեղինակը։