Ռուսաստանում հայ համայնքին հավաքել մի տեղ ու հանդիպում կազմակերպելը բավականին բարդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:

NEWS.am֊ի թղթակցի հարցին՝ արդյոք արտաքին քաղաքականության առումով հակասություն չկա Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ հաշվի առնելով, որ Արամ Սարգսյանը խիստ ընդգծված հակառուսական դիրքորոշում ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ դաշինքը հայաստանակենտրոն է, ոչ ռուսամետ, ոչ արեւմտամետ, ոչ էլ հակառուսական ու հակաարեւմտյան ուժ է: Եւ բացի այդ դաշինքը նախընտրական հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգներում ապրող հայրենակիցների հետ, իսկ Ռուսաստանում նման հանդիպում չունեցավ, Սարգսյանը արձագանքեց. «Մենք փորձեցինք Ռուսատսանում հանդիպում կազմակերպել, պարզվեց, որ Ռուսաստանում հայ համայնքին մի տեղ հավաքել, հանդիպելը, ելույթ ունենալը բավականին բարդ է, իրար մեջ սրված հարաբերություներ ունեն, եւ երկրորդը, Հայաստանի իշխանության կողմից այնտեղ ձեւավորված տարբեր միություններ էնպես են մրցակցում, որ մարդիկ վախենում են հանդիպման գալ»:

Արամ Սարգսյանը պնդեց, որ արտաքին քաղաքականության շուրջ որեւէ տարաձայնություն չունեն, ուղենիշները հստակ սահմանված են ծրագրում, որը կհրապարակվի կիրակի:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե չի բացառվում, որ հանդիպում ունենան Ռուսաստանի հայերի հետ, ինչի կապակցությամբ արդեն հրավերներ ստացել են:

«Մեր համատեղ քաղաքական գործունեության հուշագրի եզրափակիչ կետում ասված է, որ մեր համատեղ գործունեության ընթացքում արձանագրում ենք ՀՀ ազգային ու պետական շահերի առաջնահերթությունները: Եթե որեւէ մեկը մեր գործողությունները պիտի դիտարկի Ռուսաստանի, Արեւմուտքի կամ Միացյալ նահանգների շահերի կոնտեքստում կամ՝ Իրանի, Վրաստանի, ուղղակի իրավիճակը սխալ է ընկալում: Մեզ համար անպատկերացնելի է, որ ՀՀ-ում մեկը գործունեություն ծավալի՝ նկատի ունենալով Ռուստաստանի, Միացյալ նահանգների, Եվրոպայի շահերը»,-ասաց Փաշինյանը: