Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկրի քաղաքացիներին շնորհավորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման առիթով, որը նախօրեին կասեցրել է «Ռուսթավի 2»-ի գործով Վրաստանի գերագույն դատարանի որոշումը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Սահակաշվիլին Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ գինու բաժակը ձեռքին՝ պարզաբանելով, որ խմում է «Ռուսթավի 2»-ի եւ Վրաստանի կենացը:

«Մինչ երիտասարդ կարմիր մտավորականները եւ ամեն կարգի կոնֆորմիստները որոշել էին, որ «Ռուսթավի 2»-ի գործն այսպես թե այնպես կորսված է ու անցել էին վրացական պետության գլխավոր հիմնադիրներին  վիրավորելուն եւ սեփական անպետքության մեղադրանքին, հայրենասերների խումբը առանց թեւերը ծալելու պայքարում էր մինչեւ վերջ, եւ արդյունքի հասավ: Վերջնական հաղթանակը նույնպես կպատկանի պայքարող իդեալիստներին»,- գրել է նա:

Սահակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունն ակտիվորեն աջակցում է «Ռուսթավի 2»-ի ղեկավարությանը: Դեռեւս մարտի 2-ի երեկոյան կուսակցության անդամները եւ համախոհները հեռուստաընկերության շենքի առաջ վրաններ էին խփել՝ հայտարարելով, որ մինչեւ վերջ նստացույց կանեն եւ նոր տերերին թույլ չեն տա շենք մտնել: