Ֆիլիպինցի զինվորականները գտել են զինյալների կողմից սպանված գերմանացի պատանդի մարմինը։ Մարմինը գտել են Սուլու կղզախմբի կղզիներից մեկում՝ զինյալների բազայում։ Համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումից հետո մարմինը կուղարկեն Գերմանիա, հայտնում է BBC –ի Ռուսական ծառայությունը։

70-ամյա Յուրգեն Կանթներին նոյեմբերին առեւանգել էին նրան պատկանող առագաստանավից՝ Մալայզիայի ափերի մոտ։ Նրա կնոջ՝ Սաբինա Մերցի մարմինը գտել էին առագաստանավում՝ ըստ երեւույթին նա փորձել էր դիմադրել ու սպանվել էր տեղում։

Զինյալները Կանթներին ազատ արձակելու համար պահանջել էին մոտ 600 հազար դոլարի չափով փրկագին։ Պահանջված գումարը չէր հավաքվել, որից հետո պատանդին սպանել էին։

Կարթներին ու Մերցին առաջ էլ էին առեւանգել։ 2008-ին նրանց 52 օր գերության մեջ են պահել սոմալացի ծովահենները ու ազատ արձակել միայն փրկագինը ստանալուց հետո։