ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետի պաշտոնակատարին՝ Արտեմ Թարզյանին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը կարեւորել է կենսառեսուրսների կառավարման գործակալության գործառույթների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, նշել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վստահությունն ու անվերապահ աջակցությունը կառույցի դերի, դիրքի եւ նշանակության կրկնապատկման գործում: Որպես առաջնահերթություն` Արծվիկ Մինասյանն առանձնացրել է աշխատանքի որակի բարձրացման հարցը, աշխատանքին ստեղծագործ մոտեցման, ծրագրային գաղափարների ձեւավորմանը յուրաքանչյուր աշխատակցի մասնակցության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում աշխատակիցների կողմից նախարարին են ներկայացվել մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար տրվել են հանձնարարականներ:
Անդրադարձ է եղել բուսական եւ կենդանական ռեսուրսների հաշվառման, միջնաժամկետ ծախսային ծրագրում համապատասխան աշխատանքների ներառման խնդիրներին, էկոտուրիզմի զարգացման հայեցակարգին եւ մի շարք այլ հարցերի:




























