Հայաստանում ժողովրդին հուզող 4 հիմնական խնդիր կա, որոնց լուծումը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Առաջինը, արդարության եւ իրավահավասարության վերահաստատումն է: Մեր իշխանության գալու դեպքում, արդարության, իրավահավասարության եւ ժողովրդավարության հաստատումը շատ արագ է լինելու: Երկրորդ, անվտանգության ապահովումն է, եթե ոչ Սեյրան Օհանյանը իր փորձով կարող է առաջնորդ լինել այդ հարցում, այդ դեպքում էլ ով: Երրորդ, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է, սրա համար կարեւոր է զարգացած տնտեսություն, բանակ, բայց պետք է նաեւ արդյունավետ դիվանագիտություն: Եթե ոչ ես ու Րաֆֆի Հովհաննիսյանը, էլ ով կարող է զարգացում ապահովել այս հարցում: Չորրորդ, երկրի տնտեսական առաջընթացն է»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Նշենք, որ դաշինքը Նոյեմբերյանի այցից հետո հանդիպելու է նաեւ սահմանամերձ Բարեկամավան եւ Կոթի համայնքների բնակիչների հետ, իսկ հետո արդեն հանդիպումներ է ունենալու Իջեւանում եւ Դիլիջանում: