«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Գելափ» ընկերության եւ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ԹՃԼԿԾ-ի) հարցումները նույն իրողությունն են փաստում՝ նախընտրական մրցավազքի առաջատարներն են «Ծառուկյան» դաշինքը եւ ՀՀԿ-ն, իսկ մնացած կուսակցությունները կարող են հայտնվել խորհրդարանում, իսկ կարող են նաեւ չհայտնվել: Իհարկե, սոցիոլոգները երբեմն սխալվում են, ինչպես որ եղել է Քլինթոնի եւ Թրամփի պարագայում: Բայց այնտեղ՝ Միացյալ Նահանգներում, նրանք պատրաստ չէին, որ ընտրողները կարող են թաքցնել իրենց նախասիրությունները՝ ամաչելով ասել, որ ձայնը տալիս են «ոչ համակարգային» Թրամփին:

Հետխորհրդային երկրներում ընտրողների «ոչ անկեղծ» լինելը հաշվի է առնված սոցիոլոգների կողմից: Գումարած դրան, հայաստանյան բոլոր կուսակցությունները «համակարգային են»՝ նաեւ այն առումով, որ արտացոլում են մեր հասարակական կյանքի արատները, իսկ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այդ տեսանկյունից «ամենահամակարգայինն են համակարգայիններից»:

Բացի հիշյալ երկու կուսակցություններից, մնացած 7 քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարծում են, որ սոցիոլոգիական ընկերությունները թվեր են նկարում, խեղաթյուրում են իրականությունը, պատվեր են կատարում եւ այլն: Դա էլ է հնարավոր՝ ոչ մեկին չեմ պատրաստվում կրծքով պաշտպանել: Բայց ես, այնուամենայնիվ, կփորձեի կա՛մ փնտրել այնպիսի չափման գործիքներ, որոնք ինձ համար արժանահավատ կլինեն, կա՛մ էլ, քանի ուշ չէ, հետեւություններ անել արձանագրված իրավիճակից:

Պարզապես ասել՝ «սաղ ժողովուրդն ինձ սիրում է», «արդար ընտրությունների դեպքում մեր ուժը կստանա մանդատների 55 տոկոսը», իհարկե, կարելի է, բայց դա չի նպաստում այն խնդիրների լուծմանը, որոնք կանգնած են այդ քաղաքական ուժերի առջեւ:

Անձամբ ինձ սոցիոլոգների հրապարակած արդյունքները չեն բավարարում, որովհետեւ լիդերների մեջ չկան այն կուսակցությունները, որոնց ես պատրաստվում եմ ձայն տալ: Բայց, ինչպես արդեն առիթ ունեի նշելու, ես վստահ եմ, որ հենց նշված երկու կուսակցություններն են իրար հետ միասին մեծամասնություն կազմելու խորհրդարանում ու ինչ-որ ձեւով, երեւի, կիսելու են պորտֆելները: Եվ ինձ նման մարդիկ խնդրի առջեւ են կանգնելու՝ ինչպես վարվել, որ մեր «ձայնը չկորչի»:

Եթե ցուցաբերենք զուտ գաղափարական մոտեցում, ապա անկախ բոլոր հանգամանքներից՝ պետք է ձայնը տալ քո նախընտրած կուսակցությանը՝ կոմունիստն ընտրում է կոմունիստին, դաշնակցականը՝ դաշնակցականին, ես՝ ենթադրենք, «Ազատ դեմոկրատներին»: Բայց կա նաեւ ավելի պրագմատիկ մոտեցում. եթե ես որոշել եմ դեմ քվեարկել «ՀՀԿ-ԲՀԿ» համակարգին, ապա մնացած կուսակցություններից պետք է ընտրեմ ինձ համար քիչ թե շատ հոգեհարազատը, բայց այնպիսին, որի խորհրդարան անցնելը առավել հավանական է:

Այդպիսով, ես սպասելու եմ հաջորդ սոցիոլոգիական հարցմանը եւ ձայնը տալու եմ երեք ուժերից՝ «Ելք», «Կոնգրես», «Ազատ դեմոկրատներ», մեկին, որն ավելի մոտ կլինի հաջողությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում