2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը եւ Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս կապակցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է. «ԱՃԹՆ-ի ներդրումը կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը եւ հանրության առջեւ հաշվետվողականության բարձրացմանը: Այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար: Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար, եւ ԱՃԹՆ-ն համապատասխան գործիք է այս նպատակին հասնելու ճանապարհին: ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար: Իսկ գործընթացի ամենաարժեքավոր տեսանկյունն այն է, որ բազմաշահագրգիռ կողմերի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը եւ համագործակցությունը բոլոր ներգրավված կողմերի միջեւ»:
ԱՃԹՆ-ն Հայաստանում ստեղծում է հարթակ կառավարության, արդյունահանող ընկերությունների եւ քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար, որն ուղղված է արդյունահանող ոլորտի ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: Կոլումբիայում կայացած ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:




























