Բրիտանացի նախարարները Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեն անխուսափելի են համարում: Այս մասին գրում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Ըստ երեւույթին՝ դա անխուսափելի է: Չեմ կարծում, որ մենք այն իրադրությունում ենք, որ կանխենք դրա անցկացումը»,- թեմայի շուրջ քննարկումներին մոտ կանգնած բրիտանացի նախարարին է վկայակոչում պարբերականը: Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ արդիական է հանրաքվեի անցկացման օրվա, ոչ թե առհասարակ դրա տեղի ունենալու հարցը: 

Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավարության կարծիքով՝ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու որոշումից հետո իրադրությունն այնքան փոխվեց, որ անհրաժեշտ է նոր հանրաքվե անցկացնել: Իսկ հարցումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում անկախության կողմնակիցների թիվը մեծացել է, բայց ոչ այնքան, որպեսզի հաջողության հասնի նոր հանրաքվեի հարցում: