«Կոնգրես–ՀԺԿ» դաշինքը 126 ընտրական տեղամասերի հանձնաժողովներում ներկայացուցիչ չի նշանակել տակտիկական նկատառումներից ելնելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀԱԿ անդամ, Լեւոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ չմանրամասնելով թե այդ ինչ նկատառումներից ելնելով են նման որոշում կայացրել:

«Տակտիկական նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար ենք համարել այդ ընտրական տեղամասերը  ծածկել վստահված անձանցով»,–ասաց նա:

Հատկանշական է, որ նույն խնդրի առնչությամբ ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը «Հրապարակ»-ին հայտնել էր, որ նշված թվով ՀԱԿ ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին ԿԸՀ կազմակերպած դասընթացներին ու ստացել հանձնաժողովներում աշխատելու համապատասխան լիցենզիա, ընդգրկվել են ռեյտինգային ցուցակներում, ինչի պատճառով էլ 126 տեղ թափուր է մնացել։

Նշենք, որ ըստ օրենսդրության, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ 126 տեղամասերում ՀԱԿ-ի տեղերը բաժին կհասնեն ՀՀԿ-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ՀՀ տարածքում ձեւավորված 2009 ընտրական տեղամասերից 126-ում անդամների նշանակում չի կատարել:

Հայաստանի ԿԸՀ-իի փոխանցմամբ, ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների համար ձևավորված թվով 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մարտի 8-ը` ժամը 18:00-ն:

Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը:

Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր  տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 126 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից: