Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, այսօր՝ մարտի 10-ին, քաղաքի բնակիչներից մեկը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին դժգոհեց, որ շենքը, որտեղ բնակվում են, 4-րդ կարգի վթարային է, եւ իրենք վախով են ապրում այնտեղ:
Կինը նշեց, որ Ֆիզկուլտուրնիկների փողոցում գտնվող շենքում ապրում է 43 ընտանիք եւ ամեն օր, ամեն վայրկյան վախենում են, որ մի օր շենքը կփլուզվի: Կարեն Կարապետյանը հումորով պատասխանեց. «Ֆիզկուլտուրնիկնե՞ր, շատ հետաքրքիր անուն է, գոնե ֆիզկուլտուրայով զբաղվո՞ւմ եք»:
Սիսիանցի կինն իրեն չկորցրեց եւ նույնպես հումորով պատասխանեց. «Այո՛, մանավանդ, երբ երկրաշարժ է լինում, բոլոր բնակիչներով շատ արագ վազվզում ենք վթարային շենքի հարկերով»:
Վարչապետը հանձնարարեց Սիսիանի քաղաքապետին զբաղվել այդ խնդրով:




























