Մինչեւ այս պահը Հայաստանի իրականացված աշխատանքները համահունչ են եվրոպական կոնցեպցիային: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության ֆինանսների եւ էկոնոմիկայի ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:

ՀՀ Ֆիննախից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը տեղի ունեցավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ, որտեղ քննարկվել են պետական ֆինանսների կառավարման զարգացման հեռանկարները Հայաստանում եւ Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցումը:

Նիդերլանդական կողմը ներկայացրեց զեկույց պետական ներքին ֆինանսական վերահսկողության հայեցակարգի մասին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ այս առումով Հայաստանը ճիշտ ճանապարհին է.

«Մեր` մինչեւ այս պահը իրականացված աշխատանքները համահունչ են եվրոպական կոնցեպցիային, եւ պայմանավորվեցինք համատեղ շարունակել զարգացնել մեր կարողությունները եւ շարունակել քայլեր ձեռնարկել` ներդնելու պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման ցուցանիշներն ու տեխնոլոգիաները»:

Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության ֆինանսների եւ էկոնոմիկայի ազգային ակադեմիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի համակարգող Յան Վան Թոյնեն ասաց, որ Հայաստանը եւ Նիդերլանդները գտնվում են ԱՄՀ-Համաշխարհային Բանկի միեւնույն խմբում, եւ Նիդերլանդներին վիճակվել է ստանձնել խմբի նախագահությունը. «Վաշինգթոնում աշխատող մեր գործընկերները ներկայացնում են նաեւ Հայաստանի շահերը: Ուրախ ենք այս համագործակցության համար եւ մեծ ակնկալիքներ ունենք: Հայեցակարգերի մասով մեզնից շատ բան չկա սովորելու: Խոսքն ավելի շատ այս գործիքները գործնականում կիրառելու մասին է»: