Հայաստան է ներմուծվել անորակ դիզելային վառելիք, նույնիսկ ոչ թե դիզելային, այլ ուրիշ վառելիք, որը խառնվել է դիզելային վառելիքի հետ, ու ռազմական տեխնիկան չի աշխատել։ Այս մասին մարտի 13-ին Ավանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով, հետագայում պարզվել է, որ Հայաստան ներմուծված վառելիքը նախատեսված է եղել վառարանների համար։ Ներմուծվել էր 460 տոննա նման վառելիք, որի համար այդքան մեծ պահանջարկ չի եղել ու այն հանրապետությունում հայտնվել է նորմատիվների անկատարության պատճառով։

«Հետեւաբար, մեծ տրամաբանություն չի պահանջվում հասկանալու համար՝ այդ վառելիքը խառնվելու է այլ վառելիքի հետ ու վաճառվելու է մեկ այլ վառելիքի տեսքով։ Բայց այս պահին մենք իրավական հիմք չունեն դա արգելելու համար»,- նշել է վարչապետը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին կառավարական ժամի ընթացքում ԱԺ-ում վարչապետը հայտնել էր, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել վատորակ վառելիքի պատճառով։