Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնախան ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Տարոն Մարգարյանը բացառում է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք բաժանի ընտրողներին: Այդ մասին նա ասել է այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում:

Դիտարկմանը, թե շատ են խոսակցություններն այն մասին, որ նաեւ հենց Ավան համայնքում ցուցակագրումներ են տեղի ունենում, մարդկանց անձնագրային տվյալներն են հավաքում, գումարային խոստումներ են տրվում, քաղաքապետը պատասխանել է. « Գիտեք, երբ որ ընտրությունները սկսվում են, քարոզարշավը, միշտ նման խոսակցություններ են լինում՝ ոչ միայն Ավան վարչական շրջանում, բոլոր վարչական շրջաններում, բայց հստակ փաստեր չունենք, որ էդ փաստերով կարողանանք խոսել»: Նույնիսկ երբ լրագրողները նշել են, թե դիտորդների ձեռքին հենց այդպիսի ցուցակ էր հայտնվել, որտեղ անգամ կային, թե ինչպիսի սոցիալական խնդիրներ ուներ շենքի այս կամ այն բնակիչը, Մարգարյանը պատասխանել է. «Ես առաջին անգամ եմ լսում» եւ նշել է, թե իրենք բացառում են ընտրակաշառքը. «Բնականաբար, բացառում ենք եւ դատապարտում ենք, եթե կաշառք առաջարկեն, դա օրենսդրությամբ թույլատրելի չի եւ մենք նման դեպքերը դատապարտում ենք՝ դա կլինի մեր թիմակիցը, թե այլ թիմի ներկայացուցիչ»:

Լրագրողի հարցին, արդյոք քարոզարշավի ընթացքում սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնությունն ընտրակաշառք չէ, նա պատասխանել է. «Ինձ թվում ա՝ տեղական ինքնակառավարման մարմինները, ժողովրդի լեզվով ասած, Փարոս ծրագրով, դա սոցիալական ծառայություն է, եւ կան սոցիալական բաժիններ վարչական շրջաններում, պարբերաբար մենք սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցում եւ օգնում ենք: Դա չի նշանակում՝ երբ որ ընտրություններ են, մեր այդ քաղաքացիներին, ովքեր կարիք ունեն համայնքից օգնություն ստանալու, մենք չօգնենք, չաջակցենք: Մենք ունենք նաեւ Երեւան քաղաքում բարեգործական մի շարք ճաշարաններ, որից օգտվում են շուրջ 5000 շահառուներ. ի՞նչ՝ էդ հինգ հազարին է՞լ չկերակրենք»:

Մարգարյանը խոսել է նաեւ թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն) հանրապետականների միջեւ ծավալած մրցակցությունից եւ հայտարարել, թե աջակցում է բոլոր 12 թեկնածուներին: «Ուրեմն, առաջին ընտրատարածքում կա 12 հանրապետական ռեյտինգային թեկնածու: Բնականաբար, Ավան վարչական շրջանից էլ կան եւս 2 ռեյտինգային թեկնածուներ: Եվ երկու թեկնածուներին էլ Ավանի բնակչությունը լավ ճանաչում է, եւ իրենց քվեն ապրիլի 2-ին, համոզված եմ, ում լավ ճանաչում են, ում լավ գիտեն, ով տարիների ընթացքում շփվել է բնակչության հետ, եղել է բնակչության կողքին, բնակչության դարդ ու ցավին ծանոթ է, բնականաբար, կաջակցեն այդ թեկնածուին»,- ասել է քաղաքապետը:

Ճշտող հարցին՝ աջակցելու է արդյոք իր աներորդուն՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին, Մարգարյանը պատասխանել է. «Ես աջակցում եմ 12 ռեյտինգային թեկնածուներին»: Մարգարյանին նաեւ չի կաշկանդում Ռոբերտ Սարգսյանի հասցեին քննադատությունները, թե նա ԱԺ այս 5 տարիների ընթացքում երբեւէ որեւէ ելույթ չի ունեցել, որեւէ հարց չի ունեցել: «Պարոն Սարգսյանն իր խոսքի մեջ ասեց՝ ինքն ավելի շատ աշխատել է, քան՝ խոսել: Ինքը պարբերաբար լրագրողներին, հանրությանը տեղեկացնում է»: