«Ծառուկյան» դաշինքի թիվ 4-րդ ընտրական տարածքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանի համար ամենակարեւորը թիմային հաղթանակն է: Այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մարտի 1-ից սկսած քարոզարշավն արդյունավետ է գնահատում, նրա խոսքով, այս ժամանակահատվածում իրենց քաղաքական ուժը կարողացել է ժողովրդին ներկայացնել այն ծրագրերը, որոնք իրականություն են դառնալու ընտրություններից հետո:
«Մենք քարոզարշավը սկսել ենք սահմանամերձ բնակավայրերից, մեր ուշադրության ներքո են գտնվում սահմանամերձ բնակավայրերը, ժողովրդի խնդիրները: Ժամանակը բավարար չէ, որպեսզի Գագիկ Ծառուկյանը բոլոր բնակավայրերում ներկա լինի, սակայն, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կազմակերպվեն ժողովրդի հետ այդ հանդիպումները»,-ասաց նա:
Վահե Էնֆիաջյանը. անդրադանալով քարոզարշավի ընթացքում Արարատի եւ Արմավիրի մարզերում տեղի ունեցած միջադեպերին, նշեց, որ մեղավորները պետք է պատժվեն եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի քարոզարշավն ընթանա օրենքի սահմաններում:
«Ամենաանցանկալի դրսեւորումներն էին, որ կարող էր տեղի ունենալ: ՀՀԿ–ի եւ մեր թիմակիցների միջեւ Արարատի մարզում միջադեպ էր տեղի ունեցել, պետք է նայել ամեն ինչ օրենքի համատեքստում, պետք է շուտափույթ նախաքննություն իրականացվի եւ մեղավորները պատժվեն: Հայ մարդը պետք է կարծիք հայտնելու իրավունք ունենա եւ ոչ ոք չպետք է բռնանա դրան»,-ասաց նա:



























