«Ելք» դաշինքի անդամներ, Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը եւ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի եւ լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչի հետ:
Դաշինքից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են լրատվական միջոցների կողմից քարոզարշավի լուսաբանման խնդիրները, իշխանությունների եւ նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից Ազգային ժողովի ընտրությունների ապաքաղաքականացման միտումները:
Մասնավորապես, «Ելք» դաշինքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հեռուստաեթերում քաղաքական բանավեճերի բացակայության եւ իշխող Հանրապետական կուսակցության եւ մի շարք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից բանավեճերից հրաժարվելու վերաբերյալ: Հարցի շուրջ քննարկվել են նաեւ հնարավոր օրենսդրական լուծումներ։



























