Կուալա Լումպուրի օդանավակայանում մահացած Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի նախագահի խորթ եղբոր անձը հաստատվել է նրա որդու ԴՆԹ-ի նմուշով, փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Մալայզիայի փոխվարչապետ Զահիդ Համիդիին:

Համիդիի խոսքով՝ քննիչները «Կիմ Չեն Նամի անձը հաստատել են նրա որդուց վերցված նմուշների հիման վրա»:

Կիմ Չխոլի անունով Հյուսիսային Կորեայի անձնագրով քաղաքացին Կուալա Լումպուրի օդանավակայանում մահացել է փետրվարի 13-ին: Ոստիկանները նրա մաշկի վրա հայտնաբերել էին VX նյարդակաթվածահարող նյութի հետքեր, որն արգելված է քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիայով: