Բեքինգհեմշիրից (Անգլիա) թերթին աշխատակցող Օդեթ Բազիլը անդրադարձել է օրեր առաջ հրատարակված այն լրատվությանը, համաձայն որի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին շնորհվել է «Չեթհմ հաուզ-2010» մրցանակը:

Մրցանակը շնորհող հեղինակավոր Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը՝ «Չեթհմ հաուզը» գովասանքի խոսքեր է շռայլել նախագահի հասցեին, մատնանշելով նրա ջանքերը հարեւանների հետ հաշտեցման, Թուրքիայում մարդու իրավունքների հարցերի բարելավման եւ երկրի փոքրամասնությունների հանդեպ հանդուժողական մթնոլորտ ստեղծելու գործընթացներում:

«Եթե «Չեթհմ հաուզի» փաստահավաք խումբը Թուրքիա այցելեր եւ հարցազրույցներ ունենար հարեւան երկրների ներկայացուցիչների հետ, ապա այդ մրցանակի փոխարեն նախագահին հարցերի տարափով կողողեր եւ պատասխան կակնկալեր, թե ինչո՞ւ արդեն 17 տարի նա փակ է պահում սահմանը Հայաստանի հետ, ինչո՞ւ հայկական եկեղեցիները, զրկվելով իրենց խորհրդանշական խաչերից, դառնում են լավագույն դեպքում թանգարաններ, իսկ վատագույն դեպքում՝ ախոռներ եւ նույնիսկ հասարակական տներ, եւ վերջապես, ինչո՞ւ մինչեւ օրս շարունակվում է 1915-ի ցեղասպանության ժխտումը», գրում է Օդեթ Բազիլը եւ եզրափակում իր ակնարկը, նշելով, որ խղճի, արդարության եւ բարոյականության նվազագույն նորմերը պահպանող որեւէ մեկի համար շնորհված մրցանակը «դժվար մարսելի» է: