Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Քվեարկության արդյունքները հիասթափեցրել են հակամիգրանտային կարգախոսերով հանդես եկող եվրոսկեպտիկներին, բայց ոգեշնչել շատ ուրիշների, նշել է Յունկերը, փոխանցում է DW–ն։
«Նիդեռլանդների ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկել է եվրոպական արժեքների օգտին»,- մեջբերում է ԵՀ նախագահի արտահայտությունը Reuters գործակալությունը։
Նիդեռլանդների ընտրությունների արդյունքները աջ պոպուլիստների համար ապտակ է անվանել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։ Նրա խոսքով հոլանդացիների ընտրությունը ցույց է տվել, որ «նրանք, ովքեր ուզում են քանդել Եվրոպան, գնացքի անվճար տոմս չեն ստանա»։ «Մարդիկ չեն ուզում նորից վերադառնալ 20-րդ դարի քաոս»,- շեշտել է Ասսելբորնը։
Եվրախորհրդարանում «կանաչների» խմբակցության առաջնորդ Ռայնհարդ Բյուտիկոֆերը Նիդեռլանդների քվեարկության արդյունքները լավ նշան է համարել Ֆրանսիայի նախագահական ու Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ «Այնպես որ Եվրոպայում պոպուլիստական ուժերի հաջողությունների թվացյալ շարքը ուտոպիա է»,- ասել է քաղաքական գործիչը։




























