Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ պետք է անմիջապես նախաձեռնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ և այդ ընթացակարգի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու համար Ա.Սարգսյանի մահվան հանգամանքերը: Այդ մասին ասվում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ:

«Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամարդելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ ցուցաբերվելու է խիստ հետևողականություն:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Արթուր Սարգսյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական, այդ թվում՝ ամենօրյա այցերի ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ: