Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ոչ «լուռ դիվանագիտություն», ոչ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ոչ էլ նոր բանակցություններ: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում լրագրողների ու վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Թուրք քաղաքական գործիչներից ոմանք, եւ որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»: Հռոմեական փիլիսոփա-կայսր Մարկոս Աուրելիոսի հայտնի «Մտքերը» վերնագրված էին «Ինքս ինձ մտքեր հասցեագրելով»:
Փիլիսոփաները կամ որոշ կայսրեր հավանաբար իրենց մտքերը հասցեագրել են հենց իրենց: Իսկ դիվանագետները իրենց մտքերը հասցեագրում են այլ դիվանագետների, եթե նպատակ ունեն դիվանագիտական լուծումներ գտնել:
Միակ քայլը, որ մնում է այս երկարատեւ գործընթացում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է առանց հավելյալ ձգձգումների: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների»,- ասել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն է բազմիցս հայտարարել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «լուռ դիվանագիտություն» է ընթանում:
Ելույթից հետո, Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդի տնօրեն Սուդհիր Դեվաերի հետի հետ կայացած հանդիպման ընթացքում, Էդվարդ Նալբանդյանը քննարկել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Խորհրդի միջեւ համագործակցության հնարավորությունները:
Նոյեմբերի 12-ին Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Կալկաթա, ուր հանդիպում կունենա Արեւմտյան Բենգալի նահանգապետի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:





























