«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանը` «Դեդը», մարտի 16-ին պատժախցից տեղափոխվել է ընդհանուր խուց եւ շարունակում է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է նրա դուստրը` Զարուհի Հակոբյանը:

Վերջինիս խոսքով` երեկ իր հոր փաստաբանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու պարզել, որ նրան էլի տեղափոխել են նույն խուց, նույն կալանավորի մոտ, որի պատճառով նա հայտվել էր պատժախցում:

«Այն կալանավորը, որի պատճառով հայրս հայտնվել էր պատժախցում դեռ այնտեղ է: Նորից աղմկում է, վեճեր է հրահրում: Ես իմացել եմ, որ այդ կալանավորը մինչեւ հորս մոտ տեղափոխվելը էլի իրեն նույն կերպ է պահել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ: Կարծում եմ, որ պատահական չի հայտնվել իմ հոր հետ նույն խցում: Բերել են, որպեսզի մարդկանց հունից հանի կամ էլ կոնկրետ մարդու»,-ասաց նա:

Մարտիրոս Հակոբյանի դստեր խոսքով` իր հայրը շարունակելու է հացադուլը այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի լուծվել.«Ես նաեւ պատրաստվում եմ դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի դիմում թողնեմ, հարցը կարգավորեն»:

Զարուհին նաեւ պատմեց, որ փաստաբանը երեկ իր հորը հայտնել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան լուրը. «Ես «Հաց բերողի» հետ հանդիպել եմ, երբ առաջին անգամ էին նրան ազատ արձակել ու հորս պատմում էի այդ հանդիպումների մանրամասների մասին: Ու հիմա ես վախենում եմ հորս համար: Արթուրի մահը, նրա վատ առողջական վիճակը ու դրան գումարած հացադուլը լավ հետեւանքներ չեն ունենա»: 

Հիշեցնենք, որ  Մարտիրոս Հակոբյանը` «Դեդը», հացադուլ էր հայտարարել մարտի 12-ին եւ տեղափոխվել պատժախուց: Նրան, մեղադրանք է առջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):