«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում միջպետական ուղևորափոխադրումների վերաբերյալ վերջին փոփոխության արդյունքում անհատ վարորդները զրկվել են ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունքից։ Այս մասին NEWS.am- ին ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհանիսյանը, որը նախօրեին մի խումբ անհատ վարորդների հետ մասնակցում էր Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առջև բողոքի ակցիային։
«Օրենքը փոխել են առանց վարորդների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու։ Արդյունքում մոտ 500 վարորդ զրկվել է եկամուտից»,- ասաց նա։
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ փետրվարի 24–ին ուժի մեջ մտած փոփոխություններով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեն միայն D կարգի լիցենզիա ունեցող՝ տենդեր շահած ավտոբուսները և միկրոավտոբուսները։ Մինչև 9 տեղանոց ավտոմեքենաների BC կարգի լիցենզիաներով աշխատող վարորդները արդեն մոտ 3 շաբաթ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար Բագրատաշենի անցակետում տուգանվում են 50 հազար դրամով։
Բողոքող վարորդներին ընդունել է տրանսպորտի նախախարության Տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանը, որը խոստացել է ելք գտնել։ Այնուամենայնիվ, վարորդները չեն հավատում, որ վարչության պետը կկատարի խոստումը։
«Խոստացավ, որ կօգնի, բայց էլ ելք չկա, հայտնվել են փակուղում։ Օրենքն արդեն գործում է, և հիմա եթե ցանկանան օգնել, ստիպված պետք է խախտեն օրենքը։ Օրենքն ընդունելիս հաշվի չեն առել, հիմա էլ փշի-փշի են անում թե՝ տղերք ջան, ախպերներ ջան, եկեք խոսանք»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ընդհանրապես դժգոհ են Տրանսպորտի վարչության պետի աշխատանքից. «Նա հաշվի չի առնում փոքր բիզնեսի շահերը, ոչ մի հարց քննարկման չի դնում ՀԿ-ների հետ։ Նախորդ անգամ էլ դեղին համարանիշները հանելով՝ մոտ 15 հազար վարորդի ենթարկեց բիզնես ցեղասպանության»։
Անհատ ուղևորափոխադրողները դեմ չեն հարկեր վճարել։ Պահանջում են, որ իրենց բերեն հարկային դաշտ և թույլ տան աշխատել։




























