Կարեն Վարդանյանի սպանության գործով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 17-ին, ցուցմունք տալուց հրաժարվեց փորձագետի սպանության մեջ մեղադրվողի եղբայրը` Արթուր Զոհրաբյանը:

Դատարանը որոշում կայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:

Նա նախաքննական ցուցմունքում նշել է, որ սպանված Կարեն Վարդանյանին չի ճանաչել, նրա հետ մոտ է եղել եղբայրը:

«Երկու տարի ճանաչել եմ Կարեն Վարդանյանին, շատ մոտ շփում չեմ ունեցել: Կարենի հետ հիմնականում շփվում էր եղբայրս, ջերմ հարաբերությունների մեջ էին: Գեւորգից տեղեկացել եմ, որ Կարեն Վարդանյանը ծննդյան օրվա կապացությամբ նվիրել է իրեն, ինքը բնակարանը պետք է բանկում գրավադրի եւ գումարը բիզնեսի մեջ ներդնի: Դրանից հետո Գեւորգը մեկնել է Դուբայ, մանկական հագուստ ներկրել: Հետո տեղեկացա, որ Գեւորգը վաճառելու է բնակարանը Կարենի համաձայնությամբ, մի մասը բիզնեսի մեջ է ներդնելու, մյուս մասով էլ Կարենի համար բնակարան գնի: Հետո ասաց, որ Կարենը բնակարան չի ցանկանում գնել եւ գումարն է  ուզում»,-ասել է նա:

Արթուր Զոհրաբյանը նշել է, որ չի հավատում, որ իր եղբայրն ունակ է մարդ սպանելու:

 «Երեւանում տաքսիով գնում էինք, ոստիկանները կանգնեցրին, ինձ, եղբորս բերման ենթարկեցին, ավելի ուշ ինձ ազատ արձակեցին: Լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ Կարեն Վարդանյանի դիակը գտել են ավտոտնակում, մինչեւ այժմ չեմ հավատում, որ եղբայրս ունակ է նման քայլի»,-ասել է նա: 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Նշենք, որ Կարեն Վարդանյանի սպանության գործով նիստին ներկա է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ՍԴՀԿ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: